Գերմանիայի հարավում գտնվող Անդեքսում վաղ երկաթի դարաշրջանի երկու չափազանց հազվագյուտ թուր է հայտնաբերվել: Դրանք պատրաստվել են Հալշտատի ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 8-րդ դարում, եւ տարածաշրջանում երբեւէ հայտնաբերված ամենահին երկաթե թրերն են հանդիսանում, գրում է The History Blog-ը:
Թրերը հայտնաբերվել էին մարտին Բավարիայի Անդեքս քաղաքում նոր հրշեջ կայանի կառուցման ժամանակ։ Աշխատողները մոտ կես մետր խորության վրա երկու թուր եւ երեք կերամիկական տարայի բեկորներ էին գտել։ Իրերն իրենցից հուղարկավորման պարագաներ էին ներկայացնում, յուրաքանչյուր թուր թաղվել էր առանձին գերեզմանում՝ մարդկային մասունքների հետ միասին։ Դատելով ոսկորների դիքից՝ գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ մարմիններն ի սկզբանե թաղված են եղել կտորե պարկերի մեջ: Այստեղ հայտնաբերվել է ընդհանուր վեց հնագույն գերեզման՝ հուղարկավորման պարագաներով, այդ թվում՝ բրոնզե զարդերով:
Թրերն իրենցից զենքի արտադրության մեջ բրոնզի օգտագործումից երկաթի օգտագործմանը կարեւոր անցումային փուլի օրինակներ են ներկայացնում: Երկուսն էլ երկաթից են, բայց առաջինը պատրաստված է բրոնզե զենքերին բնորոշ ոճով։ Քիչ ուշ պատրաստված երկրորդ թուրն արդեն այլ կառուցվածք ունի՝ թույլ տալով օգտագործել ավելի ամուր մետաղի առավելությունները։
Թրերի երկարությունը 76 եւ 66 սանտիմետր է, երկուսի սայրի լայնությունը 6 սանտիմետր է։ Պատմաբանները կարծում են, որ կարճ թուրն օգտագործվել է միայն որպես ծակող զենք, մինչդեռ ավելի երկարն արդեն հարմար էր որպես կտրող օգտագործել, օրինակ՝ ձիավորի համար, ով ձիու վրա կռվում է հետիոտն հակառակորդի հետ:





























