Ամերիկացի եւ ֆինլանդացի մասնագետների համատեղ աշխատանքը թույլ է տվել զուգահեռներ անցկացնել տարբեր տեսակների կայացման հարցերում։ Հեղինակների նպատակն էր պարզել, թե երբ են արջերի ընդհանուր նախնուց զարգացել երկու ճյուղերը՝ գորշ եւ սպիտակ ցեղակիցները։ Պարզվել է, որ նեանդերթալցիները եւ ժամանակակից մարդիկ մոտավորապես նույն կերպ են զարգացել, տեղեկացրել է Planet- today-ը։

Հետազոտության նյութերը վերցվել են արջերի ընտանիքի ժամանակակից ներկայացուցիչներից եւ Շպիցբերգենում հայտնաբերված քարացուկներից։ ԴՆԹ-ի պահպանված մասերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բոլոր արջերի ընդհանուր նախնին ապրել է մոտ 1,3 մլն տարի առաջ։ Չնայած սպիտակ եւ գորշ արջերն ապրում են տարբեր տարածաշրջաններում, նրանց արեալները ժամանակի ընթացքում խաչվել են, եւ խաչաձեւման արդյունքում նրանք գենետիկ նյութ են փոխանակել։

«ԴՆԹ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդկային ցեղի հնագույն ճյուղերի ներկայացուցիչները խաչաձեւվել են ժամանակակից մարդկանց նախնիների հետ»,- ասել է ամերիկացի կենսաբան Շ.Լինդքվիստը։

Չնայած մինչ այդ կարծիք կար, որ պոպուլյացիաները բաժանվել են, նրանց ներկայացուցիչներն այլեւս չեն խաչվել։ Եթե զուգահեռ անցկացնենք արջերի էվոլյուցիայի հետ, ապա կարելի է եզրակացնել, որ նման տեսակների խաչաձեւումը ապահովում է ավելի շատ գենետիկ բազմազանություն նրանց սերունդների մոտ։

Եվ այժմ գոյություն ունեն սպիտակ ու գորշ արջերի հիբրիդներ։ Դա տագնապեցնում է կենսաբաններին, չէ՞ որ սպիտակ արջերի առանձնացված պոպուլյացիան այդ գործընթացների արդյունքում կարող է պարզապես վերանալ։