«Թուրքական կողմից առանձին պատգամավորներ, խմբակցություններ ասում են բաներ, որոնք իրենց ցանկությունն է, արձանագրություններում այդպիսի բան չկա եւ չէր էլ կարող լինել, այլապես արձանագրությունները չէինք ստորագրի»,- նման հայտարարություն հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն արեց հանրապետական Մկրտիչ Մինասյանը՝ մեկնաբանելով նախօրեին Թուրքիայի խորհրդարանում արված արտգործնախար Ահմեդ Դավուդօղլու հայտարարությանը։ Վերջինս անդրադառնալով սահմանի ճանաչման հարցին ասել է, «Ո'չ Հայաստանը, ո'չ որեւէ այլ երկիր չի կարող համարձակվել պահանջ ներկայացնել Թուրքիայի տարածքների վերաբերյալ, եւ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները դրանց երաշխիքն են»։

Մինասյանը համոզված է, որ Թուրքիայում տարբեր պաշտոնյանների կողմից նմանատիպ հայտարարություններ արվում են ներքին խոհանոցի համար:

ԱԺ պատգամավորը տրամաբանական չի համարում արձանագրություններն առաջինը Հայաստանի կողմից վավերացնելը , քանի որ կարծում է՝ դրանից հետո Թուրքիան հնարավոր է տարբեր հայտարարություններով ե նախապայմաններուվ հանդես գա, իսկ Հայաստանը, ուշացած, ստիպված է լինելու անընդհատ հերքել։ «Մենք հարեւանի վրա վստահ չենք, դրա համար թող իրենք որոշեն, թե ինչպիսի քայլեր ենք անում, հետո մենք կկողմնորոշվենք, համահունչ քայլեր կձեռնարկենք»- հավելեց Մինասյանը։

ՀՀԿ խմբակցության անդամը նշեց, որ եթե Թուրքիայի խորհրդարանն առանց որեւէ այլեւայլ որոշումների եւ մեկնաբանությունների վավերացնի արձանագրությունները, ապա իրենց կուսակցությունը եւ կոալիցիայի անդամներն անմիջապես կողմ կարտահայտվեն ԱԺ-ում դրանց վավերացմանը։