ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում առիթը բաց չի թողել՝ հանրապետական Դոնալդ Թրամփին ծաղրելու համար՝ ասելով, որ երբ անհրաժեշտ է լինում  «կառավարական փաստաթղթերը զուգարանը նետել», նա օգնության է կանչում պետության նախկին ղեկավարին։

Հարցազրույցի ժամանակ հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը կատակով հարցրել է ԱՄՆ առաջնորդին, թե որ զուգարանն է նա օգտագործում, երբ շտապ անհրաժեշտ է ազատվել կարեւոր փաստաթղթերից՝ անձնական, թե՞ այն մեկից, որը գտնվում է Սպիտակ տան իր գրասենյակում։

«Ես Թրամփին եմ օգնության կանչում»,- պատասխանել է Բայդենը հանդիսատեսի ծափահարությունների ներքո։ Այնուհետեւ նա բոլորովին լուրջ հավելել է. «Իրականում, ինչ վերաբերում է զգայուն փաստաթղթերին, ես ոչինչ չեմ ոչնչացնում»։

Իր պատասխանում պետության ղեկավարը միանշանակ ակնարկել է New York Times-ի լրագրողի հրապարակմանը, ըստ որի՝ Թրամփն իր նախագահության ընթացքում պարբերաբար որոշ փաստաթղթեր էր թափում Սպիտակ տան զուգարանը:

Լրագրողը պնդում էր, որ իր պաշտոնավարման տարիներին քաղաքական գործիչը բազմիցս խախտել է նախագահական գրառումները պահպանելու մասին օրենքը, որի համաձայն՝ Միացյալ Նահանգների նախագահից պահանջվում է պահել իր պաշտոնական պարտականությունների հետ կապված բոլոր գրավոր հաղորդագրությունները: Մինչդեռ Սպիտակ տան աշխատակիցները մի քանի անգամ զուգարանում ճմրթված փաստաթղթեր են գտել, որոնք նախկին նախագահը, իբր, փորձել է այդ կերպ ոչնչացնել։