Թաիլանդը մեղմել է կանեփի մասին օրենքները, եւ օգտագործողներին թույլատրվել է ունենալ եւ աճեցնել բույսը, բայց նոր, բարդ կանոններին համապատասխան, տեղեկացրել է AFP-ն։

Այս փոփոխությունը կատարվել է Թաիլանդում 2018թ. բժշկական կանեփի լեգալացումից հետո. դա Հարավարեւելյան Ասիայի այդ երկրում նման առաջին քայլն էր։

Առողջապահության նախարարությունը փետրվարին հայտարարել էր, որ մարիխուանան հանվելու է արգելված թմրանյութերի ցուցակից, եւ կանոններն ուժի մեջ են մտել հինգշաբթի օրվանից։

Ավելի վաղ Թաիլանդը կոշտ դիրքորոշում ուներ թմրանյութերի հարցում. կանեփ ունեցող մարդկանց սպառնում էին 10 տարվա ազատազրկում եւ խոշոր տուգանք։

Չնայած կանեփ պահելն ու վաճառելը ներկայում լեգալացվել են, այդ նյութն օգտագործելը տնից դուրս կարող է հանգեցնել կալանքի։ Իրավախախտները կարող են տուգանվել 25 000 բատով (780 դոլար) եւ դատապարտվել երեք ամսվա բանտարկության։

Իսկ կանեփի լուծույթները՝ տետրահիդրոկանաբինոլի ավելի քան 0,2 տոկոս խտությամբ, որոնք «կայֆ» առաջացնող հոգեակտիվ միացություններ են, համարվում են անօրինական։