Գերմանիայի խորհրդարանի վերին պալատը հաստատել է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամը՝ երկրի զինված ուժերի հզորացման համար։ Ըստ AP-ի, այս որոշումը ճանապարհ է հարթում կառավարության կողմից գնումների մասսայական արշավի համար, որի մասին կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր Ուկրաինայի պատերազմից անմիջապես հետո։

Խորհրդարանի վերին պալատը, որը ներկայացնում է Գերմանիայի 16 հողերի կառավարություններին, հաստատել է ծրագիրը ստորին պալատի համաձայնությունից մեկ շաբաթ անց: Շոլցի իշխող կոալիցիան երկար բանակցություններ է վարել հիմնական ընդդիմադիր դաշինքի հետ՝ քվեարկությունից առաջ լայն աջակցություն ստանալու համար:

Շոլցը հիմնադրամի ստեղծման մասին հայտարարել է փետրվարի 27-ին եւ նշել է, որ Գերմանիան պաշտպանության վրա կծախսի իր համախառն ներքին արդյունքի ավելի քան 2 տոկոսը։ Կառավարությունն ու ընդդիմությունը պայմանավորվել են, որ հատուկ հիմնադրամի օգնությամբ մի քանի տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը կհասնեն միջինը 2 տոկոսի նպատակին։

Գնումների ցուցակում հայտնված այլ ապրանքների թվում են 60 տրանսպորտային Boeing Chinook CH-47F ուղղաթիռներ: Գերմանիան նաեւ ցանկանում է գնել մինչեւ 35 Lockheed Martin F-35 կործանիչ՝ հնացած Tornado ինքնաթիռներին փոխարինելու համար։