Կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆրանսիացիներն ընտրելու են օրենսդիր մարմնի անդամներին, հայտնում է AP լրատվականը եւ հավելում, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձգտում է ապահովել իր մեծամասնությունը՝ արմատական ձախ կոալիցիոն ուժերի սպառնալիքների ներքո:
Ընտրությունների առաջին փուլում խորհրդարանի 577 տեղի համար պայքարում է 18-ից 92 տարեկան ավելի քան 6000 թեկնածու: Առավել շատ ձայներ հավաքածները կանցնեն վճռորոշ երկրորդ փուլ, որը կկայանա հունիսի 19-ին։
Մայիսին նախագահի պաշտոնում Մակրոնի վերընտրվելուց հետո, նրա կենտրոնամետ կոալիցիան ձգտում է մեծամասնություն ապահովել խորհրդարանում՝ Մակրոնի նախընտրական խոստումները իրականացնելու, այդ թվում՝ հարկերը կրճատելու եւ թոշակային տարիքը 62-ից 65-ի բարձրացնելու նպատակով:
Վերջին հարցումների համաձայն`Մակրոնի եւ նրա դաշնակիցների համար դժվար է լինելու խորհրդարանում տեղերի կեսից ավելին զբաղեցնելը: Կառավարումը հնարավոր կլինի միայն խորհրդարանականների հետ բանակցությունների միջոցով:
Հիմնական ընդդիմադիր ուժը կարծես ձախերի, կանաչների եւ կոմունիստների նորաստեղծ կոալիցիան է՝ արմատական ձախակողմյան Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ։ Թեեւ այս կոալիցիան կարող է ստանալ ավելի քան 200 մանդատ, ներկայիս կանխատեսումների համաձայն՝ նրանք մեծամասնություն դառնալու մի փոքր հնարավորություն ունեն: Ըստ վերջին հարցումների, Մակրոնն ու իր դաշնակիցները կստանան խորհրդարանի 260-ից 320 աթոռ:
Հայտնի է, որ նախագահական ընտրություններում Մակրոնին պարտված ծայրահեղ աջերի թեկնածու Մարին Լը Պենը ցանկանում է առաջ անցնել 5 տարի առաջ ունեցած ցուցանիշից, եւ 8 պատգամավորական մանդատի փոխարեն ապահովել 15-ը:
Արդյունքների վրա կարող է ազդել նաեւ ընտրողների ակնկալվող ռեկորդային ցածր մասնակցությունը: Ըստ հարցումների, սպասվում է, որ քվեարկությանը մասնակցելու է 48,7 միլիոն Ֆրանսիացի ընտրողների կեսից էլ քիչը:





























