ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Միշել Բաչելեթը կոչ է արել թուլացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ այդ երկրին քովիդի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու նպատակով։ Երկուշաբթի հանդես գալով Ժնեւում,  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում (ՄԻԽ), նա մտահոգություն է հայտնել բնակչության խոցելի շերտերի համար հիվանդության տարածման հնարավոր ծանր հետեւանքների մասին։

«Ես նախկինի պես մտահոգ եմ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում մարդու իրավունքների վրա COVID-19-ի հնարավոր ազդեցության առումով, դրա մասին հաղորդումներ ենք ստացել։ Պատվաստում չի իրականացվում, առողջապահության ենթակառուցվածքը սահմանափակ է, պարենային վիճակն՝ անկայուն, այս պայմաններում ազդեցությունը կարող է լուրջ լինել, հատկապես բնակչության խոցելի մասի համար»,- ասել է Բաչելեթը։

«Նորից կոչ եմ անում միջազգային հանրությանը թուլացնել պատժամիջոցները, որպեսզի հնարավորություն տրվի շտապ հումանիտար եւ COVID-19-ի հետ կապված օգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ դրդել Հյուսիսային Կորեային բացել հումանիտար աջակցության ուղիները, ներառյալ ՄԱԿ-ի անձնակազմի ներկայությունը»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը։

Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը երկրի տարածքում առաջին անգամ կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին տեղեկացրել էր մայիսի 12-ին։ Շաբաթ օրը ժողովրդական հանրապետության իշխանությունները տեղեկացրել էին տենդի 42 810 նոր դեպքի մասին։ Ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին գրանցվել է բարձր ջերմություն ունեցող 4,39 մլն պացիենտ։ Ապաքինվել է 4,31 մլն մարդ, բուժում ստանում է 77 հազար մարդ։ Մահացու նոր դեպքերի մասին տեղեկություն չի ներկայացվել, ավելի վաղ գրանցվել էր մահվան 71 դեպք։