Շվեդիան կարեւոր քայլեր է ձեռնարկել Թուրքիայի պահանջները բավարարելու համար, որպեսզի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը Ստոկհոլմի կողմից հաստատվի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Շվեդիա կատարած այցի ժամանակ, հայտնում է Reuters-ը։
Դաշինքին միանալու հայտը Շվեդիան եւ Ֆինլանդիան անցյալ ամիս են ներկայացրել։ Նրանց հայտերը բախվել են Թուրքիայի անսպասելի դիմադրությանը:
«Ես ողջունում եմ այն փաստը, որ Շվեդիան արդեն սկսել է փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը եւ կապահովի, որ զենքի արտահանման իրավական դաշտն արտացոլի ՆԱՏՕ-ի անդամի ապագա կարգավիճակը՝ դաշնակիցների հանդեպ նոր պարտավորություններով»,- ասել է Ստթլթենբերգը՝ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ մամուլի ասուլիսում։ «Սրանք երկու կարեւոր քայլեր են Թուրքիայի կողմից բարձրացված խնդիրների լուծման համար»։
Անդերսոնը նշել է, որ Շվեդիան փոխել է հակաահաբեկչական օրենքները եւ գտնվում է հետագա խստացման փուլում։ «Հուլիսի 1-ից մենք կունենանք նաեւ ավելի ուժեղ օրենսդրություն, երբ խոսքը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին»,- նշել է նա:
Սթոլթենբերգը նաեւ ասել է, թե նպատակն այն է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան «որքան հնարավոր է շուտ» միանան ՆԱՏՕ-ին, եւ աներեւակայելի է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չպաշտպանեն Շվեդիային հարձակման դեպքում:





























