Ամերիկյան Օրեգոն նահանգի դատարանը ամուսնուն սպանելու համար երկուշաբթի ցմահ բանտարկության է դատապարտել գրող, «Ինչպես սպանել ամուսնուն» բլոգի հեղինակ Նենսի Քրեմփտոն-Բրոֆիին։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաընկերության տեղի մասնաճյուղը։
Նրա տեղեկություններով՝ 71-ամյա Քրեմփտոն-Բրոֆին դատապարտվել է ցմահ բանտարկության՝ 25 տարի հետո ժամկետից շուտ պայմանական ազատվելու իրավունքով։
Մայիսին ատենակալների դատարանը գրողին մեղավոր էր ճանաչել նրա ամուսնու՝ Դենիել Բրոֆիի մահվան մեջ, որի մարմինը գտնվել էր 2018թ. հունիսի 2-ին Օրեգոնի Խոհարարական ինստիտուտի խոհանոցում։ Մահվան պատճառ էր հանդիսացել ուղիղ սրտին հասցված հրազենային վիրավորումը։ 2018թ. սեպտեմբերի 5-ին Քրեմփտոն-Բրոֆին ձերբակալվել է սպանության մեղադրանքով։
Քննության տվյալներով՝ Բրոֆի ընտանիքը բախվել էր լուրջ ֆինանսական խնդիրների, եւ Քրեմփտոն-Բրոֆին դիմել էր հանցագործության, որպեսզի ստանա ամուսնու ապահովագրությունը։
2011թ. նա հրապարակում էր «Ինչպես սպանել ամուսնուն բլոգը, բայց դատական լսումների ժամանակ դատավորը համաձայնել էր Քրեմփտոն-Բրոֆիի փաստաբանների փաստարկներին, որ այդ փաստը դատավարության ընթացքում չի կարող օգտագործվել նրա դեմ։




























