«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատական ընդմիջված նիստը սկսվեց կրկին միջնորդության մերժմամբ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Պաշտպանական կողմն այնուհետեւ միջնորդել է լրացնել դատակոչի ցուցակը, մասնավորապես որպես վկա դատարան հրավիրել «7-ի գործով» մի շարք վկաների, նաեւ լրագրող Գոհար Վեզիրյանին, Դավիթ Մաթեւոսյանին եւ այլոց: Վերջիններս 2007թ. հոկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի հետ հարձակման էին ենթարկվել ոստիկանների կողմից՝ հանրահավաքի ծանուցման ժամանակ: Հիշեցնենք, որ Փաշինյանը նաեւ մեղադրվում է, թե իբր այդ ժամանակ բռնություն է գորածդրել մի ոստիկանի նկատմամբ: Մնացական Մարտիրոսյանը խոստացել է միջնորդությանն անդրադառնալ գործի նյութերը հետազոտելուց հետո եւ սկսել է դատաքննության փուլը:

Մեղադրողները նաեւ ներկայացրել են մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, իբր Փաշինյանը անկարգություններ է կազմակերպել 2008թ. մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ:

Պաշտպան Լուսինե Սահակյանը ժամանակ է խնդրել դատարանից՝ հետագա գործողություններին ավելի լավ պատրաստվելու համար, եւ դատավորը դատական նիստը հետաձգել է մինչեւ հոկտեմբերի 26-ը, ժամը 12-ը:

Նշենք, որ Շենգավիթի դատարանի մոտ ընդհարում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ոստիկանները փորձել են խլել բարձրախոսներն ու պաստառները, սակայն ցուցարարները դիմադրել են, եւ իրավապահները ստիպված են եղել ընկրկել: Այս պահին ցուցարարները վանկարկում են «Նիկոլ», «Ազատություն» եւ այլ կարգախոսներ: