Գերմանիան առաջարկել է 3500 հավելյալ զորքերի մեծ մասը, որը նախատեսում է տրամադրել ՆԱՏՕ-ի ուժերին, տեղակայել իր տարածքում, այլ ոչ Լիտվայում, գրում է FT-ն։

Լիտվան ե ՆԱՏՕ-ի արեւելյան թևի մյուս երկրները կոչ են արել մեծացնել ռազմական ներկայությունն իրենց տարածքում: Այս ամսվա սկզբին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն աջակցություն էր հայտնել բազմազգ ռազմական ներկայության ավելացմանը, որը ռոտացիայի է ենթարկվում տարածաշրջանում վեց ամիսը մեկ անգամ:

Արեւմտյան պաշտոնյաները հայտնել են, որ, ըստ Բեռլինի վերջին առաջարկի, բրիգադը պետք է տեղակայվի Գերմանիայում եւ տեղափոխվի Լիտվա միայն անհրաժեշտության դեպքում: Ուժերը նաեւ մշտական ​​շտաբ կունենան Լիտվայում՝ 50-60 զինվորականով, իսկ մնացած անձնակազմը պարբերաբար երկիր կժամանի վերապատրաստման համար, հայտարարել են պաշտոնյաները:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը գերմանական առաջարկն լավ սկիզբ է անվանել քննարկման համար. «Ավելի նշանակալի քայլերի համար դեռ շատ տեղ կա, քանի որ տարածաշրջանում անվտանգության ներկայիս իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ»:

Մերձբալթյան երեք երկրները կոչ են արել Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին համաձայնության գալ իրենց պաշտպանվելու ձեւի ամբողջական փոփոխության շուրջ: Նրանք ցանկանում են, որպեսզի յուրաքանչյուր երկրում գոյություն ունեցող բազմազգ գումարտակները բրիգադների վերածվեն, ինչը երեքից հինգ անգամ ավել զինվորականներ կնշանակի: Բալթյան օդային ոստիկանության առաքելությունը կընդլայնվի նաեւ մինչեւ հակաօդային պաշտպանություն, ինչը նրան հակառակորդի ինքնաթիռները խոցելու իրավունք կտա: