Նոր Զելանդիայում տղամարդը հարյուրավոր սատկած կապույտ պինգվիններ է գտել Քեյբլ Բեյ գյուղի ճանապարհի եզրին, հայտնում է Daily Mirror-ը։

Տեղի բնակչուհի Փոլին Ուիլսոնն ասել է, որ անցյալ շաբաթ փտածի հոտ է զգացել: Սկզբում նա առանձնապես ուշադրություն չի դարձրել դրան, սակայն, երբ հոտը սաստկացել է, նրա հարեւանները սկսել են փնտրել աղբյուրը։ Ուրբաթ երեկոյան՝ հունիսի 10-ին, նրանցից մեկը ճանապարհի եզրին պինգվինների դիակների կույտ է հայտնաբերել։

Ուիլսոնի խոսքով՝ սատկած պինգվիններ հաճախ են հանդիպում Քեյբլ Բեյի լողափերին, բայց ոչ այս քանակի: Նա ենթադրել է, որ կենդանիները սատկել են ձկնորսական ցանցում, իսկ հետո նրանց ափ են նետել:

Բնության պահպանության դեպարտամենտի տվյալներով՝ կենդանիների մահվան պատճառը «Լա Նինյա» կոչվող կլիմայական երեւույթն է, որը Նոր Զելանդիայում հանգեցնում է ծովի մակերեւույթի ջերմաստիճանի բարձրացման եւ ափամերձ քամիների ուժեղացման։ Ջրի ջերմաստիճանի փոփոխության պատճառով այն ձկները, որոնցով սնվում են պինգվինները, գաղթում են, եւ նրանց որսը ավելի դժվար է դառնում։

Ըստ փորձաքննության արդյունքների՝ հայտնաբերված մարմինների մոտ չի եղել ենթամաշկային ճարպ, իսկ նրանց աղեստամոքսային տրակտում՝ սննդի հետքեր։ Սա ցույց է տալիս, որ կենդանիները կարող էին սովից եւ սառչելուց մահացած լինել:

Ընդհանուր առմամբ, վերջին վեց շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է առնվազն 450 պինգվինի մարմին։

Կապույտ պինգվինները գոյություն ունեցող բոլոր պինգվինների ամենափոքր տեսակն են: Նրանց միջին հասակը 33 սանտիմետր է, իսկ երկարությունը՝ 43 սանտիմետր։ Նրանք ապրում են Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում, նրանց պոպուլյացիան գնահատվում է մոտ մեկ միլիոն զույգ։