Արձանագրությունները Անկարայի ու Երեւանի կողմից ստորագրվել են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու նպատակով։ Այս մասին հոկտեմբերի 22-ին Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը մասնակցում է ՍՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Ընդ որում, Դավութօղլուն հերթական անգամ ընդգծել է, որ խաղաղությունը Կովկասում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումից հետո։ «Դա հնարավոր է բացառապես միայն ադրբեջանական հողերի ազատագրումից հետո։ Արձանագրությունների ստորագրումը Լեռնային Ղարաբաղի խնդիրը մտցրել է միջազգային օրակարգ»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը լրագրողների հետ հանդիպմանը։
Միաժամանակ, Դավութօղլուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Թուրքիայի դիրքորոշումը կտրական է. «դա ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի խնդիրն է։ Ղարաբաղի հարցը Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարության մի մասն է»։ Ըստ նրա, նախքան հայ-թուրքական արձանագրությունների ցյուրիխյան ստորագրումը թուրքական կողմը Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումներ էր վարում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ այսօրվա հանդիպմանը, Դավութօղլուն նշել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։
Մամլո ասուլիսի ժամանակ թուրքական ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաեւ երկու երկրների պետական դրոշների սկանդալային թեմային։ «Թուրքիայում դրոշի մասին օրենք կա։ Սակայն Թուրքիայի համար Ադրբեջանի դրոշը օտար չէ, եւ այն ծածանվում է շատ վայրերում»։
Իսկ Բուրսայում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման օրը տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում ադրբեջանական դրոշն անպատվելու մասին արտահայտությունները հրահրվել են այն ուժերի կողմից, որոնք ցանկանում են վնաս հասցնել եղբայրական երկու պետությունների հարաբերություններին. «որոշ ԶԼՄ-ներ դիտավորյալ ուռճացնում են այդ հարցը։ Թուրքիայի պաշտոնյաներից ոչ մեկը ՖԻՖԱ-ին հանձնարարություններ չի տվել այդ հարցի կապակցությամբ»։
Նա հայտնել է նաեւ, որ անձամբ է գրավոր կարգադրություններ տվել եւ տրամադրել ողջ աշխարհի Թուրքիայի բոլոր 120 դեսպանատներին ու 180 հյուպատոսարաններին, որպեսզի ամենուր ադրբեջանցիներին ընդունեն որպես իրենց հարազատների եւ լուծեն նրանց խնդիրները։
ՍՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում կայացած բանակցությունների վերաբերյալ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան հույս ունի Ադրբեջանի հետ փոխըմբռնում ձեռք բերել էներգետիկ մի շարք նախագծերի շուրջ. «Քննարկումներն առայժմ շարունակվում են։ Ես հույս ունեմ, որ ընդհանուր առմամբ այդ հարցը կլուծվի»։




























