Չինաստանի ազգային նավթային ընկերությունները բանակցություններ են վարում Կատարի հետ՝ հյուսիսարեւելյան հանքավայրում հեղուկ բնական գազի (ՀԲԳ) արտադրության աշխարհի խոշորագույն նախագծի ընդլայնման եւ երկարաժամկետ պայմանագրերով վառելիք գնելու համար ներդրումներ կատարելու շուրջ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Դա կլինի առաջին նման համագործակցությունը երկու երկրների միջեւ, որոնք աշխարհի խոշորագույն ՀԲԳ սպառողներից եւ արտադրողներից են, քանի որ  էներգակիրների մերձարեւելյան արտահանողը ձգտում է ընդլայնել իր ասիական հաճախորդների բազան: Համաշխարհային էներգետիկ կորպորացիաները նախկինում Կատարի գազային արդյունաբերության մեջ հիմնական ներդրողներ էին:

«Պեկինը գազը որպես ռազմավարական միջանկյալ վառելիք է դիտարկում, որը կփոխարինի ածուխը մինչեւ 2060 թ. ածխածնային չեզոքության ճանապարհին»,- նշում է լրատվական գործակալությունը։

Կատարը Չինաստանի ամենամեծ ՀԲԳ մատակարարն էր Ավստրալիայից հետո 2022 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում, ցույց են տվել Refinitiv Eikon-ի տվյալները:

Ակնկալվում է, որ պետության կողմից վերահսկվող CNPC-ն եւ Sinopec-ը յուրաքանչյուրը 5 տոկոս կներդնեն արտահանման երկու առանձին գծերում, որոնք մոտ 30 միլիարդ դոլար արժողությամբ հյուսիսային հանքավայրի ընդլայնման ծրագրի մաս են կազմում, Reuters-ին հայտնել է քննարկումներին ծանոթ երեք մարդ:

Հյուսիսային հանքավայրի ընդլայնումը ՀԲԳ-ի վեց գիծ է ներառում, որոնք  մինչեւ 2027 թ. կբարձրացնեն Կատարի՝ գազի հեղուկացման հզորությունը տարեկան 77 միլիոն տոննայից մինչեւ 126 միլիոն տոննա տարեկան՝ ամրապնդելով դրա՝ որպես աշխարհի ամենամեծ արտադրողի  կարգավիճակը:

Բացի այդ, CNPC-ն եւ Sinopec-ը բանակցություններ են վարում պետական ​​QatarEnergy-ի հետ՝ յուրաքանչյուրը մինչեւ 27 տարի տարեկան մինչեւ 4 միլիոն տոննա ՀԲԳ գնելու համար, ասել են երկու աղբյուրները, ինչը կդառնա գերսառեցված վառելիքի գնման ամենամեծ գործարքը երկու երկրների միջեւ։
2021 թ. Չինաստանը Կատարից գրեթե 9 միլիոն տոննա ՀԲԳ է ներմուծել, ինչը կազմում է երկրի՝ ՀԲԳ-ի ներմուծման  ընդհանուր ծավալի 11 տոկոսը: