Հայաստանի ԱԺ նախկին խոսնակ, ներկայումս անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը տարօրինակ է համարում, երբ ոմանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված 1677 բանաձեւը «առաջընթաց» են համարում:
«Այն ձևակերպումները, որոնք բանաձևի հենց առաջին կետերում են, մի բանի մասին են ասում, որ նախկինում ԵԽԽՎ-ի կողմից ընդունված որևէ բանաձև լիարժեքորեն չի կատարվել»,- նշել է Թորոսյանն ու հավելել, որ ինչպես նախորդ բանաձեւերը, վերջինը նույնպես «ճանապարհային քարտեզ է ճգնաժամը հաղթահարելու համար»։ Նրա խոսքով, 1677 բանաձևն, ըստ էության, արձանագրել է, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում շարունակվում է:
ԱԺ Նախկին խոսնակը նշել է, որ «բանաձևերի ընդունումով խնդիրները չեն լուծվում, բանաձևերի ընդունումով արձանագրվում են խնդիրները»: Նրա ներկայացմամբ, ո՛չ Եվրոպայի Խորհուրդը, ո՛չ որևէ այլ կազմակերպություն երբեք չի լուծում որևէ երկրի խնդիրները, նրանք ընդամենն օգնում են ճիշտ կերպ դիտարկել այդ խնդիրները։



















