300 կիլոգրամանոց կատվաձուկ են որսացել Կամբոջայի Մեկոնգ գետում։ Դա քաղցրահամ ջրերում երբեւէ բռնված ամենամեծ ձուկն է, տեղեկացրել է BBC-ն։
Նախորդ ձուկը, որը բռնվել էր 2005թ. Թաիլանդում, կրկին Մեկոնգ գետում, 293 կիլոգրամ էր։
Մեկոնգը հարուստ է կենսաբազմազանությամբ, բայց նրա էկոհամակարգը վտանգված է չափից ավելի շատ ձկնորսության, աղտոտվածության պատճառով։
Այն սկիզբ է առնում Տիբեթի լեռնաշղթայից եւ հոսում է Չինաստանի, Մյանմայի, Թաիլանդի, Լաոսի, Կամբոջայի ու Վիետնամի տարածքներով։
«Վեց մայրցամաքների լճերում եւ գետերում հսկա ձկների ուսումնասիրության 20 տարիների ընթացքում սա քաղցրահամ ջրերում բռնված ամենամեծ ձուկն է ամբողջ աշխարհում, որի մասին արձանագրվել է»,- ասել է կենսաբան, USAID-ի կողմից ֆինանսավորվող «Մեկոնգի հրաշքները» նախագծի ղեկավար Զեբ Հոգանը։
Հսկա կատվաձկանն սպառնում է անհետացման վտանգը։ Սա մայիսից ի վեր բռնված երկրորդ հսկա կատվաձուկն է, առաջինի քաշը 181 կիլոգրամ էր։





























