Վերջերս Իտալիայում «Հայերը» խորագրով գիրք է տպվել, հայտնում է Լիբանանի հայ համայնքի «Ազդակ» թերթը: Իտալերեն տպված 203 էջանոց աշխատանքի հեղինակը Բոլոնիա քաղաքի համալսարանի հայագիտության ֆակուլտետի դասախոս Գաբրիելլա Ուլուհոչյանն է:
Ուլուխոչյանի գիրքը կարելի է համարել ամենաամբողջական աշխատանքը՝ նվիրված Հայաստանի պատմությանը, որ առ այսօր հրապարակվել է իտալերենով:
Հարկ է նշել, որ Ուլուհոչյանն Իտալիայում ճանաչված անձնավորություն է: Նա համալսարանում աշխատում է ավելի քան 30 տարի՝ դասավանդելով նաեւ հայոց լեզու եւ գրականություն: Բազմաթիվ հոդվածների եւ հրապարակումների հեղինակ է:
«Հայերը» գրքի առաջին մասում հեղինակը ներկայացնում է ընդհանուր աշխարհագրական եւ պատմական տեղեկություններ: Երկրորդ մասը ներառում է պատմության ժամանակագրական պատկերը՝ սկսած Ուրարտուի թագավորությունից մինչ մեր օրերը: Երրորդ մասը նվիրված է Հայ առաքելական եկեղեցու պատմությանը, դժվարին այն ճանապարհը, որ եկեղեցին անցել է, եւ ուղղափառության ու կաթոլիկության հետ բարդ փոխհարաբերությունները: Չորրորդ մասում ներկայացված է հայկական մշակույթն ու նրա համամարդկային արժեքը: 5-րդ եւ 6-րդ մասերն ամբողջությամբ նվիրված են հայկական Սփյուռքին:




























