Հայազգի ճանաչված արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ծրագրում է կորտ վերադառնալ հունվարին: Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ տաղանդավոր թենիսիստը ծնկի վնասվածք էր ստացել, իսկ մայիսին վիրաբուժական միջամտության էր ենթարկվել եւ հարկադիր պարապուրդի էր մատնվել:

Սակայն այժմ Նալբանդյանն արդեն համարյա վերականգնվել է մտադիր է մասնակցել Ավստրալիայում հունվարի 11-ից 16-ը կայանալիք մրցաշարին, որը նախորդելու է «Մեծ սաղավարտի» շարքի առաջին մրցաշարին:

Հիշեցնենք, որ 2002թ. 20 տարեկան հասակում Դավիթը դարձավ Ուիմբլդոնի եզրափակչի մասնակից, որտեղ պարտվեց Լեյթոն Հյուիթին: Այդ ձեռքբերումից հետո նա մտավ ATP վարկածով աշխարհի լավագույն 50 թենիսիստների շարքը եւ իր հայրենիքում «տարվա մարզիկ» կոչմանն արժանացավ: Նալբանդյանի կարիերայի ամենամեծ ձեռքբերումը Շանհայ-2005 մրցաշարում տարած հաղթանակն էր, որտեղ նա հայտնվել էր իրենից ավելի բարձր վարկանիշ ունեցող թենիսիստներից մի քանիսի հրաժարվելու արդյունքում: Կիսաեզրափակչում Նալբանդյանը հաղթեց ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյին, իսկ եզրափակչում հանդիպեց շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին: 5 ժամ տեւած համառ մրցամարտում Նալբանդյանին հաջողվեց հաղթել Ֆեդերերին՝ 6-7, 6-7, 6-1, 6-2, 7-6 հաշվով: Այդ հաղթանակից հետո Նալբանդյանն առաջին անգամ տեղափոխվեց վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնական:

Նշենք, որ 2008թ. Բուենոս-Այրեսում Հայաստանի դեսպանը Նալբանդյանին հայկական անձնագիր հանձնեց: