Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովի կարծիքով՝ իր կառավարությանը ներկայացված անվստահության քվեի համար մեղավոր են մի քանի քաղաքական գործիչներ, որոնց մեջ է Բուլղարիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան։ Նա չի նշել, թե հատկապես որն է Միտրոֆանովայի դեստրուկտիվ դերն իր կառավարության համար։
«Ինձ համար պատիվ էր գլխավորել կառավարությունը, որը տապալեցին Պեեւսկին, Բորիսովը, Տրիֆոնովը եւ Միտրոֆանովան»,- ասել է Պետկովը խորհրդարանում իրեն անվստահություն հայտնելուց հետո, գրել է Novinite-ը։
Նա ավելացրել է, որ ընդդիմության գործողություններն, իր կարծիքով, հակասում են բուլղար ժողովրդի շահերին. «Եվ կգա մի օր, որ մենք կունենանք Բուլղարիա առանց ստվերից կառավարող մարդկանց, առանց մաֆիայի, նորմալ երկիր, հաջողակ եվրոպական երկիր։ Շնորհակալություն»։
Ռուս դեսպանից բացի ցուցակում կան նաեւ գործարար, նախկին պատգամավոր Դելյան Պեեւսկու, նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի (որը գլխավորել է Բուլղարիայի «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը, որի պատգամավորներն էլ հայտնել են անվստահությունը), ինչպես նաեւ «Կա այսպիսի ժողովուրդ» կուսակցության (որը դուրս է եկել կառավարական կոալիցիայից) ղեկավար Սլավի Տրիֆոնովի անունները։
Բուլղար քաղաքական գործչի հայտարարությանն արդեն արձագանքել են ՌԴ պաշտոնատար անձինք։ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ «ցուցակում չկան Բեթմենի եւ Կատու կնոջ անունները»։ Զախարովայի հեգնական մեկնաբանությունը պայմանավորված է Պետկովի արտահայտության հանդեպ վերաբերմունքով. հոգնածությունից Պետկովն սկսել է «բարբաջել»։
Երեկ Բուլղարիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել եւ պահանջել կոալիցիոն կառավարության հրաժարականը։ Կողմ է քվեարկել 123 պատգամավոր, դել՝ 115։ Օրենսդրության համաձայն՝ 121 խորհրդարանականների ձայները կարող են բավական լինել հավանության արժանանալու համար։





























