Սոչիի պատվիրակությունը, քաղաքային դումայի նախագահ Վալերի Պոդպոմոգովի գլխավորությամբ, այցելել է Երեւան` «Պանարմենիա-էքսպո 2009» ցուցահանդեսին մասնակցելու համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սոչիի պատվիրակները հոկտեմբերի 22-ին այցելել են Երեւանի քաղաքապետարան: Նշենք, որ երկու քաղաքների միջեւ համագործակցությունն իրական հիմք ունի. Սոչիի քաղաքապետի հետ արդեն հստակեցվել է համագործակցության հիմնական օրակարգը: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել նաեւ քաղաքային դումայի նախագահի հետ: Սոչիի քաղաքային կառավարման փորձը Գագիկ Բեգլարյանը համարել է արդյունավետ` նկատի ունենալով երկու ժողովուրդների մտածելակերպի ու կենցաղի նմանությունները:

Երեւանի քաղաքապետը հավանություն է տվել Վալերի Պոդպոմոգովի փոխայցի հրավերին: