Հայաստանի կառավարությունը 2007թ. մոտ 1 մլրդ 711 մլն 663 հազար դրամ է ծախսել ավտոմեքենաների գնման համար: Ընդ որում, հատկանշական է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվել է «Տոյոտա» մակնիշի մեքենաներ գնելու համար: Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի հրապարակած տվյալներով՝ կառավարությունը հաշվետու ժամանակահատվածում 969 մլն 620 հազար դրամ է ծախսել 121 հատ «Տոյոտա» մակնիշի մեքենաներ գնելու համար, ինչը կազմում է ընդհանուր թվի մոտ 56.6 տոկոսը: Որոշ տեղեկություններով՝ «Տոյոտա-Երեւան» ՍՊԸ-ն պատկանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, թեեւ անվանապես գրանցված է Քոչարյանի մտերիմը համարվող Սամվել Մայրապետյանի անունով:
Կառավարության՝ մեքենաների վրա ծախսած գումարի մի զգալի մասը՝ 20.6 տոկոսը բաժին է հասել «Մուրան», «Քարկոմավտո» եւ «Արմենիա-Լադա» ընկերություններին, որոնք, ի դեպ, պատկանում են մեկ մարդու` Կարեն Շահմուրադյանին՝ տարիներ առաջ սպանված Ռաֆայել Շահմուրադյանի որդուն: Կառավարությունն այս ընկերություններից գնելու է 88 հատ տարբեր մակնիշի մեքենաներ՝ արտասահմանյան եւ ռուսական արտադրության:
Գումարի մի մասն էլ օգտագործվել է տարբեր այլ ընկերություններից մեքենաներ գնելու համար:




























