Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին այն բանի համար, որ Կազանի «Ռուբին» ֆուտբոլային ակումբի թուրք հարձակվող Գոքդենիզ Քարադենիզի գոլի շնորհիվ ռուսաստանյան ակումբը Իսպանիայում պարտության է մատնել «Բարսելոնա»-ին։ Այս մասին գրում է USA Today ամերիկյան թերթը:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սանկտ Պետերբուրգում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ու Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հեռուստակապով զրուցել են Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել են «Հարավային հոսք» ստորջրյա գազատարի կառուցումը նախատեսված ժամկետից շուտ ավարտելու եւ այն շահագործման հանձնելու խնդիրը, եւ զրույցի ընթացքում Պուտինը դիմելով Էրդողանին՝ ասելով. «Թուրք ֆուտբոլիստն է խփել հաղթական գոլը, եւ մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ»:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգայի մրցաշարի F խմբում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած խաղին, որտեղ Ռուսաստանի չեմպիոն` Կազանի «Ռուբին»-ը «Բարսելոնա»-ին հաղթել է 2:1 հաշվով: «Ռուբին»-ի երկրորդ եւ հաղթական գոլի հեղինակը դարձել է Քարադենիզը:




























