Դիանա Աղաբեկի նախնիները Նախիջևանից Պարսկաստան էին արտագաղթել 18-րդ դարի վերջերին: Այնտեղից արդեն տեղափոխվել են Հնդկաստան և հիմնավորվել Կալկաթայում: Ինքը` Դիանան, ծնվել է 1859թ հոկտեմբերի 12-ին, Բիրմայի մայրաքաղաքում: Հետո ընտանիքը վերադարձել է Կալկաթա, որտեղ աղջիկն սկսել է սովորել հոգևոր ճեմարանում: Այնտեղ նա ուսումնասիրում էր սանսկրիտ և անգլերեն, իսկ տանը` հայերեն: Ավելի ուշ, երբ նա արդեն տեղափոխվեց Ճապոնիա, տիրապետեց նաև ճապոներենին … Ինչ վերաբերում է սեփական մտքերը սևով սպիտակին հանձնելուն, նա դա անում էր հայոց լեզվով և անգլերենով:

1888թ Դիանան Հոնգկոնգում ամուսնանում է Միքայել Աբգարի հետ: Աբգարի ընտանիքը նույնպես Հնդկաստան էր արտագաղթել Պարսկաստանից: Նրա նախնիներից մեկը` Հարություն Աբգարը, 1819թ հիմնել էր «Աբգար» առևտրային ընկերությունը, նախ Բոմբեյում, ապա Կալկաթայում: Ընկերությունը զբաղվում էր Սինգապուր և Փենջաբ բրնձի արտահանմամբ:

Ամուսնությունից հետո Դիանան և Միքայելը որոշում են բնակություն հաստատել Ճապոնիայում, Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Յոկոհամա քաղաքում: Այնտեղ նրանք ևս ապրանք արտահանող և ներմուծող ընկերություն հիմնեցին: Ամուսինները հինգ զավակ ունեցան, որոնցից երկուսը վաղ հասակում մահացան:

1890 թվականից Դիանա Աբգարն սկսեց վեպեր ու պոեմներ գրել: 1892թ հրատարակել է «Սյուզան» վեպը, իսկ մի քանի տարի անց լույս տեսավ «Պատմվածքներ հայրենիքից» վեպը, որտեղ նկարագրվում էր ճապոնացի ժողովրդի կյանքը: 1890 թ, երբ անսպասելիորեն մահանում է Դիանայի ամուսինը, նա ընկերության կառավարումն իր ձեռքն է վերցնում՝ միաժամանակ նաև գրականության ասպարեզում ստեղծագործելով: 20-րդ դարի երկրորդ տասնամյակում լույս է տեսնում ևս 10 վեպ անգլերենով, որոնց թվում էին` «Ճշմարտությունը հայերի կոտորածների մասին», «Աշխարհի հարցը» և «Հետապնդվող Հայաստանը»: Այս աշխատանքները բարձր գնահատեցին ամերիկյան լրատվամիջոցները: Ավելի ուշ նա հրատարակեց մի քանի հոդվածներ, որոնցից ուշագրավ են «Սարսափելի անեծք», «Կայսրական Եվրոպայի հիմարությունը» և «Խաչված Հայաստան» հոդվածները:

Դիանա Աբգարը մեծ եռանդ է նվիրաբերել նաև Առաջին համաշխարհային պատերազմից, ինչպես նաև 1915 թվականի ցեղասպանությունից հետո կենդանի մնացած և այն ժամանակ Ճապոնիայի տիրապետության տակ գտնվող Վլադիվոստոկով ԱՄՆ և Կանադա անցած հայերին վերաբերող փաստաթղթերի հավաքման և դրանց վավերացման գործին: Որպես մարտնչող մտավորական, նա մերկացրել և համաշխարհային հասարակության դատին է ներկայացրել հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության կատարած հանցագործությունները, միաժամանակ ցույց տալով նաև արևմտյան տերությունների երկերեսանիությունն ու պագշոտությունը:

Նրա գործունեության շնորհիվ էր, որ Ճապոնիան ճանաչեց ` 1918թ մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետության անկախությունը: Իսկ ինքը` Դիանա Աղաբեկը նշանակվեց Հայաստանի լիազոր դեսպան Ճապոնիայում:

Առաջին հայ դիվանագետը վախճանվեց Յոկոհամայում, 1937 թվականի մայիսի 28-ին: 1938 թվականին նրա որդիները արտագաղթեցին Միացյալ Նահանգներ` իրենց հետ տանելով նաև մոր բոլոր նամակներն ու ձեռագրերը: 2008թ դեկտեմբերին, Դիանա Աբգարի ծննդյան 150-ամյակի պատվին, Բոստոնում տեղի է ունեցել գրական երեկո, որի ընթացքում ներկայացվել է Դիանայի պատմվածքների անգլերեն ժողովածուն` «Հազար պատմվածք» անվանմամբ: Այն հրատարակել էր Դիանայի թոռնուհին` Լյուսիլ Աբգարը …