Նախօրեին 25-տարվա ազատազրկման է դատապարտվել Ուրուգվայի նախկին բռնապետ գեներալ Գրեգորիո Ալվարեսը, որը մեղադրվել է մարդու իրավունքների խախտումների ու ռազմական վարչակազմի քաղաքական 37 ընդդիմախոսների սպանությանը մեղսակից լինելու մեջ,- հաղորդում է «Վեստի»-ն։ Առողջական վիճակի պատճառով Ալվարեսը չի կարողացել նույնիսկ ներկայանալ դատական նիստին, եւ դատավոր Լուիս Չարլեսն անձամբ է նրան հանձնել վճիռը։

83-ամյա Ալվարեսը իշխանության ղեկին էր 80-ական թվականների սկզբին (1982-1985 թթ.), իսկ մինչ այդ զբաղեցրել էր Ուրուգվայի զինված ուժերի հրամանատարի պաշտոնը։

Նշենք, որ այդ նույն գործով էր անցնում նաեւ պաշտոնաթող զինվորական Խուան Կառլոս Լարսեբոն, որին դատապարտել են 20-տարվա ազատազրկման։

Հատկանշական է, որ Ուրուգվայի դատարանի որոշումը կայացվել է Հանցագործության վաղեմության ժամկետի մասին օրենքի կապակցությամբ անցկացվելիք համազգային հանրաքվեից տառացիորեն 4 օր առաջ։