«Վերջին տարիներին ընդունված օրենքները խեղաթյուրել են երկրի ընտրական համակարգը»,-"Ազատություն" ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ-ի առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
«Պետդումայի տերն ու տիրականը „Եդինայա Ռոսիա“-ն է: Այդ կուսակցությունը, օգտվելով ունեցած առավելությունից, Ընտրական օրենսգիրքը փոխում է իրեն հարմար ձեւով: Իշխող կուսակցության անդամները նույնիսկ չարձագանքեցին ընդդիմադիր երեք կուսակցությունների պատգամավորների որոշմանը` լքել Պետդումայի նիստերի դահլիճը», — նշել է Գորբաչովն ու ընդգծել, որ շարքային ռուսաստանցիներին պետք է վերադարձնել ընտրելու իրավունքը:
«Պետք է հաշվի նստել ընտրողների տեսակետի հետ: Իսկ այժմ հաշվի են առնում միայն Պուտինի կարծիքը», — նշել է Գորբաչովը` խոստովանելով, որ այլեւս չի կարողանում հանգիստ հետեւել Ռուսաստանի քաղաքական դաշտում ծավալվող իրադարձություններին: «Միայն մի բան կարող եմ ասել` գրողը տանի, ո՞ւր ենք մենք հասել», — հայտարարել է նա:




























