The Telegraph պարզել է, թե աշխարհում որ քաղաքն է առաջատարը սպանությունների քանակով: Դա մեքսիկական Սյուդադ Խուարեսն է, որտեղ բառիս բուն իմաստով «պատերազմ է ընթանում թմրանյութերի առեւտրով զբաղվող խմբավորումների միջեւ»: Ըստ թերթի, այդ քաղաքը հանգիստ կարելի անվանել «սպանությունների քանակով աշխարհի մայրաքաղաք»:

1,5 միլիոն բնակչություն ունեցող Սյուդադ Խուարեսում տարվա սկզբից տեղի է ունեցել ավելի քան 2 հազար սպանություն: Նախորդ տարի այդ թիվը կազմել է 1,6 հազար: Ընդ որում, ըստ պարբերականի, սպանությունների մեծամասնությունը մնում են չբացահայտված:

Ստացվում է, որ այստեղ ամեն 100 հազար բնակչին տարեկան բաժին է ընկնում 133 սպանություն: Դա ավելին է, քան սպանությունների քանակով նախկին «առաջատար» համարվող վենեսուելական Կարակասում էր:

Նշենք, որ Սյուդադ Խուարեսը գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգի սահմանի վրա: