Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է ոստիկանության ապօրինություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է „Հայկական ժամանակ“ թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջեւ է բերում հարյուրավոր մարդկանց՝ բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ։
Դատավարական կամայականությանը գումարվում է ոստիկանական կամայականությունը։ Վերջիններս, իրենց „բակային հրամանատարների“ գլխավորությամբ փորձում են իրենք որոշել, թե ինչ ցուցապաստառներ պետք է բռնեն ցուցարարները կամ ինչ վանկարկումներ պետք է անեն։ Մասնավորապես ակնհայտ է, որ նրանք հրահանգ ունեն Սերժ Սարգսյանից, որ որեւէ կերպ չհնչի նրա անունը, իսկ ցուցապաստառներում չնկատվի ոստիկաններին ուղղված որեւէ կոչ։ Նման դեպքերում նրանք խլում են ցուցապաստառները կամ քաշքշում մարդկանց։
Ոստիկանությունը հոկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում եւ Սահմանադրական դատարանի մոտ բռնությունների է դիմել նաեւ քաղաքացիների մի խմբի նկատմամբ, ովքեր „Ժառանգություն“ կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանազանցության այսօրինակ փաստերը՝ ում նկատմամբ էլ որ դրանք դրսեւորվեն եւ համարում է, որ ոստիկանության ասպիսի վարքագիծը մատնում է այն սարսափը, որ ունի վարչախումբը եւ անձամբ Սերժ Սարգսյանը՝ սեփական ժողովրդից։
Կոնգրեսը նաեւ կոչ է անում բոլորին՝ ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, ինչը մեր պայքարի համար իր նշանակությամբ նույնքան կարեւոր է, որքան հանրահավաքները»։




























