Շրի Լանկայի փողոցներում ցույցերը դադարել են այն բանից հետո, երբ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան իր տան վրա տեղի ունեցած հարձակումից հետո հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը եւ հավելում, որ ցույցերը սկսվել էին երկրի փլուզվող տնտեսության պատճառով:

Ցուցարարները շաբաթ օրը ներխուժել են նրա նստավայր, լողացել լողավազանում եւ նստել մահճակալի վրա։ Ցուցարարների մեկ այլ խումբ հրկիզել է վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեի առանձնատունը, ով նույնպես համաձայնել է հրաժարական տալ։

Գոտաբայա Ռաջապակսան ծրագրում է պաշտոնից հեռանալ չորեքշաբթի օրը, այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահը:

Հիշեցնենք, որ ցույցերի ընթացքում վանդալիզմի է ենթարկվել նաեւ նախագահական նստավայրի մի մասը;

«Հուլիսի 13-ին Ռաջապակսայի հրաժարականի որոշումը կայացվել է իշխանության խաղաղ անցումը ապահովելու նպատակով, Ուստի ես խնդրում եմ հանրությանը հարգել օրենքը եւ պահպանել խաղաղությունը», - շաբաթ օրը տեսաուղերձում ասել է խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապա Աբեյվարդենան:

Հայտնի է, որ թե՛ նախագահը, եւ թե՛ վարչապետը տանը չեն եղել իրենց նստավայրերի վրա հարձակման ընթացքում: Նախագահը հեռացել է եւ նրա գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ:

Իշխանության անցման մանրամասները դեռ պարզ չեն։ Շաբաթ օրը կայացած քաղաքական կուսակցությունների հանդիպման ժամանակ խոսնակը ներկայացրել է առաջարկներ, որ խորհրդարանը մեկ շաբաթվա ընթացքում կընտրի նախագահի պաշտոնակատար:

Արժույթի միջազգային հիմնադրամը, որը բանակցություններ է վարում Շրի Լանկայի կառավարության հետ 3 միլիարդ դոլարի շուրջ, կիրակի ասաց, որ ուշադիր հետեւում է իրավիճակին:

«Մենք անհամբեր սպասում ենք ներկա իրավիճակի լուծմանը, որը թույլ կտա մեզ վերսկսել մեր երկխոսությունը ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրի շուրջ», - ասվում է համաշխարհային վարկատուի հայտարարության մեջ:

22 միլիոն բնակչություն ունեցող Շրի Լանկան սննդի եւ վառելիքի պակաս ունի, իսկ հունիսին գնաճը հասել է ռեկորդային 54,6 տոկոսի: Տնտեսական ճգնաժամը սրվել է հատկապես այն բանից հետո, երբ Covid-19-ը հարվածել է զբոսաշրջությունից կախված տնտեսությանը: Այն սրվել է պետական ​​մեծ եւ աճող պարտքի, նավթի գների աճի եւ անցյալ տարի քիմիական պարարտանյութերի ներմուծման արգելքի պատճառով, որոնք ավերածություններ են արել գյուղատնտեսության ոլորտում: