Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը չի կարող ոչ կառուցողական դարձնել Երեւանի դիրքորոշումը ԼՂ բանակցություններում: Նման տեսակետ է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի ղեկավար Սաբին Ֆրեյզերը: «Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը կդրդի Հայաստանին ավելի ճկուն դիրքորոշման Ադրբեջանի հետ բանակցություններում: Իսկ այդ բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառը քննարկվող հարցերի բարդությունն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Քիշնեւում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ հայկական կողմը այնպիսի հարցեր է բարձրացնում, որոնք 2-3 տարի առաջ արդեն համաձայնեցված են եւ դա կապել էր հայ-թուրքական գործընթացի հետ: «Հայկական կողմը, հնարավոր է, կարծում է, որ եթե հայ-թուրքական ուղղությամբ գործընթաց է գնում, ապա կարելի է սառեցնել մյուսները»,- ասել էր Մամեդյարովը
Իսկ ահա Սաբինա Ֆրեյզերը նշում է, որ հիմնական փաստարկը, որ բերում է Հայաստանը Ղարաբաղին հարակից տարածքներն իր վերահսկողության տակ պահելու համար, այն է, որ Հայաստանը իրեն մեկուսացած է զգում եւ սեփական պաշտպանությունն ապահովելու համար կարիք ունի այդ տարածքների: «Հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում այդ փաստարկը այլեւս հիմնավորված չի լինի, քանի որ հայերը ելք կունենան դեպի աշխարհ»,- նշել է Ֆրեյզերը՝ ընդգծելով, որ պատճառը, որ մինչ օրս Հայաստանն ու Ադրբեջանը հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագիր չեն ստորագրել, այն է, որ համաձայնեցման ենթակա հարցերը շատ բարդ են: Այդ հարցերից գլխավորը ԼՂ կարգավիճակն է: Ըստ Ֆրեյզերի, մնացած սկզբունքները, փաստացի, համաձայնեցված են: Կողմերն արդեն պայմանվորվել են, որ անհրաժեշտ է դուրս բերել զորքերը 7 շրջաններից, ինչպես նաեւ ուժ չկիրառելու մասին: «Կողմերը, կարծես համաձայնության են եկել վերը նշված կետերի շուրջ: Ես հույս ունեմ, որ երկու կողմն էլ կարող են ստորագրել համաձայնագիրը, որը կներառի բոլոր այն դրույթները, որոնց շուրջ համաձայնություն կա»,- ասել է Ֆրեյզերը:




























