Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի առաջին (Զինաթափման և միջազգային անվտանգության) կոմիտեում ընթացող «Տարածաշրջանային զինաթափումն ու անվտանգությունը» օրակարգի կետի քննարկմանը ելույթներ են փոխանակել Հայաստանն ու Ադրբեջանն:

Ինչպես NEWS.am-ին հայտեց ԱԳՆ մամուլի եւ տեղեկավության վարչության ղեկավար Տիգրան Բալայանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում կարևորել է միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ու դրանց շրջանակներում ընդունված պայմանագրերի ու համաձայնագրերի նշանակությունը զինաթափման գործընթացի համար:

ՀՀ դեսպանը կոմիտեի լիագումար նիստում ներկաների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Եվրոպայում Սովորական սպառազինությունների (ԵՍՍ) մասին պայմանագրի դրույթների կոպիտ խախտման փաստին: Նա նշել է, որ համաձայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ պաշտոնական տեղեկատվության` Ադրբեջանը շարունակում է զինվել և գերազանցում է ԵՍՍ պայմանագրով սահմանված սովորական սպառազինությունների 5 տեսակներից 3-ի առավելագույն թույլատրելի մակարդակները: Նա նաև հավելել է, որ նման բացահայտ խախտումներն ու ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ ու հայատյաց հայտարարությունները, վտանգավոր են տարածաշրջանային անվտանգության համար և կարող են բացասաբար անդրադառնալ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Ադրբեջանական կողմի ելույթը հիմնականում հագեցված է եղել մշտապես կրկնվող «20 տոկոս գրավված տարածքների, մեկ միլիոն փախստականների, ինչպես նաև Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում միջազգային հանրության աչքից հեռու թաքցրած սպառազինությունների մասին»: