Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Քամրա քաղաքում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել։ Քամրայի ռազմական համալիրի հսկիչ-անցակետի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է մարմնին ամրացրած հզոր պայթուցիկ սարքը։ Ինչպես հայտնում է «Вести»-ն, ահաբեկչի գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն ութ, վիրավորվել՝ 15 մարդ։

Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են կանգնեցնել հանցագործին։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ոստիկանության տվյալները, հայտնում է, թե զոհվածների մեջ կան անվտանգության ուժերի երկու աշխատակիցներ եւ չորս քաղաքացիներ։ Մինչ այժմ ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։

Քամրայում տեղակայված ավիացիոն համալիրը ռազմական ինքնաթիռներ հավաքող պակիստանյան ամենամեծ ձեռնարկություններից է, նշում է գործակալությունը։ Այստեղ հավաքում են նաեւ նորագույն կործանիչներ եւ ռմբակոծիչներ։