Մեր երկրում այս տնտեսական համակարգի պայմաններում խոսել մարդկանց սոցիալ-տնտեսական իարվունքների պաշտպանվածության մասին, անմիաստ է: Այդ մասին հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Ներկայացնելով Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակն ու մարդկանց պաշտպանվածությանը մակարդակի իրենց վերլուծությունները՝ Արմեն Հարությունյանը նշեց, որ որոշ դեպքերում աշխատողներին աշխատեցրել են 18 ժամ: «Նույնիսկ Հին Հռոմում ստրուկներին այդքան չէին աշխատացնում»,- արձանագրեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ շատ դեպքերում որոշ ընկերությունները աշխատակիցներին շահագործել են առանց վճարելու:

Արմեն Հարությունյանը նաեւ նշեց, որ «մենաշնորհային տնտեսությունը Հայաստանը տանում է եւ տանելու է դեպի փակուղի»: «Մենաշնորհներն ու աշխատանքային շահագործումը պետք է արմատախիլ արվեն՝ հանուն մեր ապագայի»,- ասաց ՄԻՊ-ը:

Վերջինս նաեւ անդրադարձավ բնապահպանական խնդիրներին, մասնավորապես Կապանում գործող «Dino Gold Mining» ընկերությանը եւ հայտարարեց, որ ընկերությունը շարունակում է աղտոտել Կապանի տարածքները հարյուր հազարավոր մետր դատարկ ապարներով եւ թափոններով: