«Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել երեկ ոստիկանների կողմից մի խումբ քաղաքացիների բողոքի ակցիան ցրելու, նրանց ձեռքի պաստառները պատռելու վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության շենքի դիմաց հայ-թուրքական արձանագրությունների դեմ կազմակերպած բողոքի ակցիային մասնակցել են մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Թեղուտի պաշտպանության խմբի, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության, «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» ակտիվիստներ եւ այլ քաղաքացիներ: Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ, որոնք վրա գրված է եղել. «լինել ոչ թե միայն 3 միլիոնի, այլև 10 միլիոնանոց հայության ղեկավարը», կամ «ո՛չ թուրքական նախապայմաններին եւ հայ-թուրքական արձանագրություններին», ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ քարտեզները:
«Ցուցարարները արժանացել են ՀՀ ոստիկանության ապօրինի, կոպիտ եւ սանձարձակ վերաբերմունքին: Մասնավորապես՝ ոստիկանները պատռել են ցուցապաստառները, ՀՀ եւ ԼՂՀ քարտեզները, քաշքշել են ակցիայի մասնակիցներին, ապաեւ խոչընդոտել նրանց շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ հնարավորություն չտալով շարունակելու ակցիան նաեւ այնտեղ:
»Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը" խստորեն դատապարտում է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հերթական ապօրինությունն ու լկտի պահվածքը, որը, վստահաբար, պարունակում է խուլիգանության եւ քաղաքացիների դեմ ուղղված այլ հանցագործությունների տարրեր, ինչի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը տարածել է հատուկ հաղորդագրություն: Ոստիկանության նման պահվածքը ուղիղ հետեւանքն է Հայաստանում տիրող անպատժելության մթնոլորտի եւ իշխանությունների ոչ լեգիտիմության եւ քրեականացման",- ասված է հայտարարության մեջ:




























