Հրազդանում երկաթի հանքի հնարավոր շահագործումը անհանգստացրել է քաղաքի բնակիչներին եւ հասարակական կազմակերպություններին:
Հրազդանի հասարակական մի շարք կազմակերպություններ բաց նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ոչ պաշտոնական աղբյուրներից իմացել ենք, որ Հրազդանի երկաթի հանքի տարածքում, կառավարության պատվերով, իրականացվել է փորձաքննություն: Ի լրումն դրա, Հրազդանի բնակչության շրջանում լուրեր են պտտվում, որ հանքում անցկացված աշխատանքների ընթացքում ուրան է հայտնաբերվել, որը բուռն անհանգստության ալիք է բարձրացրել բնակիչների շրջանում:
Կարծում ենք, որ այս անորոշությունը բնակիչների մոտ կրքերի բորբոքման պատճառ կարող է հանդիսանալ: Ելնելով դրանից` խնդրում ենք տալ հիմնավոր պարզաբանումներ վերոգրյալի մասին»:
Նամակի տակ ստորագրել են Հրազդանի Օրհուս կենտրոնը, Անտառները գալիք սերունդներին ՀԿ-ն, Երեխաների աջակցության հիմնադրամ ՀԿ-ն, Կոտայքի ՇՊԱԿ-ը, Հրազդան հեռուստաընկերությունը:




























