Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Բուրսայում Թուրքիա-Հայաստան խաղի ժամանակ եղել են ադրբեջանական դրոշներ եւ ինքը անձամբ տեսել է դրանք։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk կայքէջը։

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների 21-րդ նիստին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ այցելել է «Նահատակների» ծառուղի, որտեղ թաղված են նաեւ անցած դարասկզբին Բաքվում զոհված թուրք զինվորները։

Դավութօղլուն անդրադառնալով Ադրբեջանում թուրքական դրոշների իջեցմանը՝ Նահատակների ծառուղում, Կրոնական գործերի կառույցի շենքի դիմացից, Ադրբեջանում թուրքական դպրոցներից՝ նշել է, որ նման օրենք Թուրքիայում էլ կա, սակայն դա չի վերաբերում Ադրբեջանի դրոշին, քանի որ Թուրքիայում ադրբեջանական դրոշը օտար դրոշ չէ, եւ եթե կարիքը լինի՝ 72 միլիոն թուրք պատրաստ են ադրբեջանական դրոշի համար իրենց կյանքը տալ։ Դավութօղլուն ասել, որ իրենք չեն ցանկանում, որ Ադրբեջանում թուրքական դրոշները ընկալվեն որպես օտար երկրի դրոշներ։ Նա հայտնել է, որ Բուրսայում վերջին պահին ՖԻՖԱ-ի կողմից արգելվել է մարզադաշտ մտցնել ադրբեջանական դրոշ, սակայն որոշակի քանակություն, այնուամենայնիվ, թույլատրվել է, իսկ մնացած հատվածը խնամքով հավաքվել է։

Ի դեպ, Թուրքիան պատրաստվում է այսօր մասնակցել Վիեննայում անցկացվելիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համաժողովին։ Թուրքիայի ԱԳՆ-ում գլխավոր խորհրդական Ունալ Չեւիքոզը այդ համաժողովին մասնակցելու համար արդեն գտնվում է Վիեննայում։