Շվեդական Մետրո (Metro) ազդեցիկ թերթի գլխավոր խմբագիր Փեր Գյունը հրաժարվել է տպագրել որեւէ հոդված որտեղ հիշատակում կլինի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այլեւս վստահ չէ` եղե՞լ է արդյոք ցեղասպանություն, թե՞ ոչ (are not sure that there was a genocide): Այդ մասին ասված է «Մոդուս վիվենդի» կենտրոնի տարածած հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստրագրումից դեռ շատ առաջ վերլուծաբանները նշում էին, որ արձանագրություններով հարված է հասցվում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի տվյալներով, նման քաղաքականություն է որդեգրել նաեւ շվեդական մեկ այլ՝ «Սվենսկա Դագբլադետ» (Svenska Dagbladet) օրաթերթը, որի լրագրող Բիտտ Համարգրենը «ցեղասպանություն» տերմինի փոխարեն սկսել է օգտագործել «հայկական ջարդեր» ձեւակերպումը: «Դա պարզապես խոսք չէ, այլ քաղաքականության դրսեւորում: Քաղաքականություն, որը զգալիորեն փոխվեց վերջին օրերին, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո»,- ասված է կենտրոնի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս կանադական Embassy magazine ամսագիրը եւս փոխել էր իր վերաբերմունքը ցեղասպանության վերաբերյալ:




























