Միացյալ Նահանգներում գործող Coinbase Global, Inc. ընկերության նախկին մենեջերին եւ եւս երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ առաջին անգամ կրիպտոարժույթների ոլորտում խարդախությամբ ներքին առեւտրով զբաղվելու համար, հայտնել է ԱՄՆ դատախազության Մանհեթնի գրասենյակը:
Կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող վերոնշյալ ընկերության նախկին աշխատակից Իշան Վահին եւ նրա եղբայրը՝ Նիխիլ Վահին Սիեթլում ձերբակալվել են եւ սպասում են դատական նիստին: Գործով մեղադրվում է նաեւ նրանց ընկեր Սամիր Ռամանին, որը ազատության մեջ է:
Դատախազության տարածած տվյալների համաձայն՝ Իշան Վահին տրամադրել է ընկերության գաղտնի տեղեկությունները՝ կրիպտոարժույթների նոր ակտիվների վերաբերյալ առաջիկա հայտարարությունների մասին: Ինչ վերաբերում է Նիխիլ Վահիին եւ Ռամանիին, ապա ethereum բլոկչեյն դրամապանակների միջոցով կատարել են առնվազն 14 գործարք`ստանալով 1,5 միլիոն դոլար անօրինական շահույթ:
Նշենք, որ ներքին առեւտուրը հանրային ընկերության բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի առեւտուրն է՝ հիմնված ընկերության մասին նյութական, ոչ հրապարակային տեղեկատվության վրա: Տարբեր երկրներում ներքին տեղեկատվության վրա հիմնված առեւտուր անօրինական է, ինչը պայմանավորված է ներդրողների նկատմամբ անհավասարության եւ անարդարության պայմանների ստեղծմամբ:





























