Ճապոնական Յամագուտի քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ հոգեմետ դեղերով ատրճանակներ կօգտագործեն ագրեսիվ կապիկների դեմ պայքարելու համար, որոնք վերջին շաբաթների ընթացքում վիրավորել են 42 մարդու:

Ճապոնական մակակաները սովորաբար հանդիպում են երկրի մեծ տարածքներում, իսկ որոշ շրջաններում վնասներ են հասցնում՝ ուտում են բերքն ու նույնիսկ տներ մտնում:

Սակայն արեւմտյան Ճապոնիայի քաղաքներից մեկում կապիկների հարձակումների ալիքը անսովոր է եղել, մեծահասակներն ու երեխաները վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ քերծվածքներ եւ կծոցներ:

Քաղաքում նույնիսկ վստահ չեն՝ հարձակումներն արդյոք մի քանի կապիկների ձեռքի գործն է, թե մեկ ագրեսիվ կապիկի։

Քաղաքի իշխանությունները եւ ոստիկանությունը հսկում են տարածքը հուլիսի 8-ին տեղի ունեցած առաջին հարձակումներից հետո, սակայն մինչ այժմ ոչ մի կապիկի չեն բռնել: