Երկուշաբթի Կարաչիում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ սովորականից ավելի ուժեղ մուսոնային անձրեւները շարունակում են տեղալ Պակիստանի ամենամեծ քաղաքում՝ հեղեղելով տները եւ անանցանելի դարձնելով փողոցները, հաղորդում է AFP-ն:

Մուսոնային անձրեւները, որոնք սովորաբար տեւում են հունիսից մինչեւ սեպտեմբեր, անհրաժեշտ են մշակաբույսերը ոռոգելու եւ ողջ Հնդկական թերակղզում լճերն ու ամբարտակները լցնելու համար, բայց դրանք նաեւ ամեն տարի ավերածություններ են առաջացնում:

Աղետների կառավարման ազգային վարչությունը հայտնել է, որ հունիսից մուսոնային անձրեւների հետեւանքով առնվազն 312 մարդ է մահացել։

Առնվազն երկու մարդ է մահացել Կարաչիում հեղեղված փողոցներում էլեկտրահաղորդման գծերի ընկնելու հետեւանքով։

Հորդառատ անձրեւը խաթարել է նաեւ ավիահաղորդակցությունը եւ գնացքների երթեւեկությունը 15 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում:

Վերջին ժամանակների ամենաուժեղ ջրհեղեղը տեղի է ունեցել 2010 թվականին՝ ընդգրկելով երկրի ցամաքի գրեթե մեկ հինգերորդը, որի հետեւանքով զոհվել է մոտ 2000 մարդ, իսկ 20 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: