Ճապոնիայում մահապատժի են ենթարկել 2008-ին Տոկիոյում յոթ մարդու սպանած 39-ամյա տղամարդուն:
Տոմոհիրո Կատոն կատարել էր երկրի նորագույն պատմության ամենացնցող զանգվածային սպանություններից մեկը։ Նա 25 տարեկան էր, երբ իր բեռնատարը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ Ակիհաբարայի առեւտրի տարածքում՝ սպանելով երեք մարդու։ Այնուհետեւ նա սկսել էր դանակով հարձակվել անցորդների վրա՝ սպանելով չորս եւ վիրավորելով ութ մարդու, հայտնում է BBC-ն։
Ավելի ուշ նա դատարանում ընդունել էր իր հանցագործությունները՝ ասելով, որ վրդովված էր առցանց ծաղրանքից:
Ճապոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ Կատոն, ով 39 տարեկան էր, կախաղան է բարձրացվել Տոկիոյի կալանավայրում։
Սա այս տարվա առաջին մահապատիժն է երկրում։ Անցյալ տարվա դեկտեմբերին երեք մարդ էր կախաղան բարձրացվել, իսկ ավելի քան 100 բանտարկյալ շարունակում է մնալ մահապարտների խցերում:





























