ՌԴ ԱԳՆ-ն հետեւում է Եվրոպայի հայտարարություններին եւ գործողություններին՝ ռուսների համար Շենգենյան վիզաների տրամադրման հետ կապված եւ չի բացառում դրա դադարեցման հնարավորությունը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է գերատեսչության հյուպատոսական բաժնի տնօրեն Իվան Վոլինկինը։

Նա նշել է, որ նախարարությունը ֆիքսում է «Եվրոպայից եկող կոչերը», որոնք հնչեցվում են «օդիոզ քաղաքական կամ հասարակական գործիչների՝ ռուսաֆոբների կողմից»։ Բայց հայտարարություններից բացի, կան նաեւ կոնկրետ գործողություններ. օրինակ՝ «գրեթե ամբողջությամբ կասեցվել է ՌԴ քաղաքացիների համար վիզայի մշակումը Ռուսաստանում տեղակայված Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի եւ Էստոնիայի հյուպատոսական հաստատություններում», նշել է դիվանագետը։

«Շենգենյան մյուս անդամ երկրների հետ հյուպատոսական կապերի արմատական ​​դեգրադացման դեպքում հնարավոր չէ բացառել նույնիսկ անհավանական թվացող սցենարները»,- նախազգուշացրել է Վոլինկինը: