Բուրկինա Ֆասոյի նախկին նախագահ Բլեզ Կոմպաորեն ներողություն է խնդրել իր հանգուցյալ նախորդի՝ Թոմաս Սանկարայի ընտանիքից, որի սպանության մեջ (1987 թվականին) նա հանցակից է ճանաչվել ռազմական դատարանի կողմից, հայտնում է Reuters-ը։

Կոմպաորեն ապրիլին հեռակա դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ իրեն իշխանության բերած հեղաշրջման ժամանակ տեղի ունեցած սպանության համար։ Նա կառավարել է 27 տարի, նախքան 2014 թվականին ապստամբության ժամանակ Կոտ դ՛Իվուար փախչելը:

Չնայած դատավճռին՝ Կոմպաորեն այս ամսվա սկզբին մի քանի օրով վերադարձել է, որպեսզի մասնակցի նախկին նախագահների գագաթաժողովին, որը կազմակերպել էր իշխող ռազմական խունտան: Շատ բուրկինացիներ զայրացել են՝ տեսնելով, որ նա վերադարձել եւ մնացել է ազատության մեջ։

Կոմպաորեն միշտ հերքել է իր մասնակցությունը Սանկարայի սպանությանը եւ իր վրա չի վերցրել պատասխանատվությունը նամակում, որը երեքշաբթի կարդացել է Բուրկինա Ֆասոյի կառավարության ներկայացուցիչը:

«Ես ներողություն եմ խնդրում Բուրկինա Ֆասոյի ժողովրդից այն բոլոր արարքների համար, որոնք կարող էի կատարել իմ պաշտոնավարման ընթացքում, հատկապես իմ եղբայր եւ ընկեր Թոմաս Իսիդոր Նոել Սանկարայի ընտանիքից»,- ասված է նախկին նախագահի նամակում, որը նաեւ առաջարկել է մոռանալ տարաձայնությունների մասին՝ «հանուն ընդհանուր ժառանգությունը փրկելու»։

Երկիրը պայքարում է իսլամիստական զինյալների խորացող ապստամբության դեմ, որը հանգեցրել է մոտ 2 միլիոն մարդու տեղահանման: Յոթ տարվա բռնությունները ճնշելու կառավարության անկարողությունից հիասթափությունը հունվարին հանգեցրել է ռազմական հեղաշրջման: