Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ չեն վախենում, որ Չինաստանը հարձակում կգործի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ինքնաթիռի վրա, եթե նա թռնի Թայվան։ Այնուամենայնիվ, Պենտագոնը պլաններ է մշակում արտակարգ իրավիճակների համար, հաղորդում է AP-ն։

Պաշտոնատար անձինք Associated Press-ին հայտել են, որ եթե Փելոսին գնա Թայվան (ինչը դեռ հստակ չէ), ապա զինվորականները կուժեղացնեն տեղակայումները հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Նրանք հրաժարվել են մանրամասներ հաղորդել, սակայն նշել են, որ կործանիչներ, նավեր, դիտարկման սարքավորումներ եւ այլ ռազմական համակարգեր կօգտագործվեն պաշտպանության ապահովման համար Թայվան նրա թռիչքի եւ այնտեղ գտնվելու ժամանակ:

ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարի ցանկացած արտասահմանյան ուղեւորություն լրացուցիչ անվտանգություն է պահանջում։ Բայց պաշտոնյաներն այս շաբաթ հայտարարեցին, որ Փելոսիի այցը Թայվան դուրս կգա պակաս ռիսկային վայրեր այցերի համար դեպքում նախատեսված սովորական նախազգուշական միջոցների շրջանակից:

Պատասխանելով այցի դեպքում Փելոսիին պաշտպանելու պլանավորված ռազմական միջոցների մասին հարցին՝ ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին չորեքշաբթի ասել է, որ որեւէ կոնկրետ ուղեւորություն քննարկել դեռ վաղ է: Սակայն հավելել է. «Եթե խոսնակ Փելոսիի կամ որեւէ մեկի մեկնելու մասին որոշում կայացվի եւ նրանք ռազմական աջակցություն խնդրեն, մենք կանենք անհրաժեշտ ամեն բան՝ նրանց այցի անվտանգության պահպանման համար»:

Ամերիկյան պաշտոնական անանուն աղբյուրները պատմել են խոսնակի եւ նրա ինքնաթիռի շուրջ բուֆերային գոտիներ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Միացյալ Նահանգներն արդեն զգալի ուժեր  ունի, որոնք ցրված են ամբողջ տարածաշրջանում, ուստի անվտանգության ցանկացած ուժեղացում կարող է ապահովվել հիմնականում առկա ուժերի եւ միջոցների միջոցով:

Զինվորականները նաեւ պետք է պատրաստ լինեն ցանկացած միջադեպի` նույնիսկ պատահարի օդում կամ ցամաքում: Նրանք նշել են, որ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն մոտակայքում կյանք փրկող միջոցներ ունենա եւ ենթադրել են, որ դրանք կարող են ուղղաթիռներ լինել արդեն այդ տարածքում գտնվող նավերի վրա:

Փելոսին հրապարակայնորեն չի հաստատել Թայվան մեկնելու որեւէ նոր պլան: Նա մտադիր էր մեկնել ապրիլին, բայց հետաձգել է ուղեւորությունը COVID-19-ի թեստի դրական արդյունքից հետո: