Ֆրանսիայի նախագահի 23-ամյա որդին՝ Ժան Սարկոզին, չի հավակնի Փարիզի Դեֆանս գործարար կենտրոնի խորհրդի նախագահի պաշտոնին։ Այդ մասին, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նա «France 2» հեռուստաալիքով հայտարարել է անցած գիշեր։

Սարկոզիի խոսքով, ով դեռեւս իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է, ինքը պայքարելու է Դեֆանսի խորհրդի անդամ դառնալու համար, բայց չի հավակնելու խորհրդի նախագահի պաշտոնին։

«Ես չեմ ուզում, որ ընտրություններում տարած հաղթանակը կասկածների տեղիք տա»,- հայտարարել է Ժան Սարկոզին՝ մեկնաբանելով ընտրություններում իր մասնակցության շուրջ եղած քննադատությունները։ Նա, բացի այդ, խոստովանել է, որ մինչ որոշում ընդունելը՝ խորհրդակցել է հոր հետ։