Roubini Macro Associates-ի գործադիր տնօրեն Նուրիել Ռուբինին ծանր ռեցեսիա եւ լուրջ ֆինանսական ճգնաժամ է կանխատեսում:

«Բազմաթիվ պատճառներ կան, որոնց հետեւանքով մենք ծանր ռեցեսիա, լուրջ պարտքային եւ ֆինանսական ճգնաժամ կունենանք»,- Bloomberg-ի հետ զրույցում ասել է Ռուբինին: «Գաղափարը, որ այն կարճատեւ եւ մակերեսային կլինի, լրիվ խելահեղ է»,- ասել է տնտեսագետը, որը կանխատեսել էր 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամը։

Project Syndicate-ի վերջին հոդվածում նա ներկա իրավիճակը համեմատել է 1970-ականների եւ 2008 թվականի հետ։ «Հաջորդ ճգնաժամը նախորդների նման չի լինի»,- գրել է Ռուբինին։

«1970-ականներին մենք ունեինք ստագֆլյացիա, բայց մեծ պարտքային ճգնաժամեր չունեինք, քանի որ պարտքի մակարդակը ցածր էր: 2008 թվականից հետո մենք ունեցանք պարտքային ճգնաժամ, որին հաջորդեց ցածր ինֆլյացիան եւ դեֆլյացիան, քանի որ վարկային ճգնաժամը պահանջարկի բացասական շոկ առաջացրեց: Այսօր մենք բախվում ենք մատակարարման ցնցումների՝ պարտքի շատ ավելի բարձր մակարդակի համատեքստում, ինչը նշանակում է, որ մենք գնում ենք դեպի 1970-ականների ոճի ստագֆլյացիայի եւ 2008 թվականի պարտքային ճգնաժամի համադրում, այսինքն՝ ստագֆլացիոն պարտքային ճգնաժամ»,- ասել է Ռուբինին:

2021 ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 12 տոկոսը, ինչը (2020 թվականից հետո) երկրորդ վատագույն ցուցանիշն է 1945 թվականից։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի բաժնետոմսերին, «դրաց, ամենայն հավանականությամբ, անկում է սպասվում»,- ասել է Ռուբինին: «ԱՄՆ-ի եւ համաշխարհային ռեցեսիայի ժամանակ բաժնետոմսերը հակված են նվազել մոտ 35 տոկոսով»,- ասել է նա: «Բայց քանի որ հաջորդ անկումը լինելու է ստագֆլացիոն եւ կուղեկցվի ֆինանսական ճգնաժամով, արժեթղթերի շուկայի անկումը կարող է ավելի մոտ լինել 50 տոկոսին»: