Հայաստանի ոստիկանության համակարգում Եվրամիության չափանիշներին համապատասխան բարեփոխումներ կիրականացվեն:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի` հոկտեմբերի 23-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է բարեփոխումների ծրագիրը հաստատման ներկայացնել քառամսյա ժամկետում:

Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշել է, որ բարեփոխումները ենթադրում են ոստիկանական կառույցների կատարելագործում, ոստիկանության եւ հասարակության միջեւ վստահության մթնոլորտի հետագա բարելավում, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանության գործին հասարակության ներգրավում, օրենսդրական եւ կիրառական բնույթի այլ բարեփոխումների իրականացում:

Աշխատանքային խմբում ներգրավված են ո’չ միայն Հայաստանի շահագրգիռ կառույցների, այլեւ ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները: