ԱՄՆ Ռազմա-օդային ուժերի F-16 կործանիչը երկու ռումբ եւ վառելիքի երկու բաք է գցել Հիլ ավիաբազայի տարածքի վրա։ Միջադեպը, որի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհեր ու տուժածներ չկան, տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին Սոլթ Լեյք Սիթիից 50 կմ հեռավորությամբ գտնվող Յուտա նահանգում։

Ինչպես տեղեկացնում է Associated Press գործակալությունը, հենակայանից թռչելուց հետո խնդիրներ են առաջացել ինքնաթիռի շարժիչներում, եւ օդաչուն ստիպված է եղել գնալ հարկադիր վայրէջքի։ Ըստ Պենտագոնի ներկայացուցիչների վարկածի, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, կործանիչի օդաչուն որոշել է ազատվել ռումբերից ու վառելիքի բաքերից, որպեսզի նվազեցնի ինքնաթիռի քաշը։ Բաքերից յուրաքանչյուրում եղել է մոտ 1135 լիտր վառելիք, իսկ երկու ռումբերը կշռել են 225-ական կգ. ընկնելուց հետո դրանք չեն պայթել։