Եվրամիության եւ ԱՄՆ-ի հովանավորությամբ Հայաստանն ու Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորման արձանագրություններ ստորագրեցին, որոնք պարունակում են կողմերից մեկի համար շատ վիճահարույց դրույթներ: Խոսքը Հայաստանի մասին է, գրում է արգենտինական Clarin թերթը:

«Տարածքային պահանջներից եւ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու պայմանները շատ դժվար է ընդունել: հայ-թուրքական ներկայիս սահմանի ճանաչման պայմանը իրականում ավելի մեծ նշանակություն ունի եւ ընդգրկում են ողջ կովկասյան տարածաշրջանի խնդիրները: Այդ ամենը բարդացնում է Հայաստանի համար՝ իր պահանջների օրինականացումն ու տարածքային կախվածությունից ազատվելու հնարավորոթյունը:

Մյուս կողմից, հայերի մեջ լիովին արդարացված վրդովմունք է առաջացնում նաեւ պատմական փաստերի եւ արխիվների ուսումնասիրման համար ստեղծվող միջկառավարական ենթահանձնաժողով ստեղծելու մտադրությունը: Դա որակվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ մարդկության դեմ այդ հանցագործության զոհերի հիշատակի անարգում: Դա նաեւ նշանակում է մերժել Ցեղասպանության փաստը ճանաչած պետությունների եւ միջազգային կառույցների դիրքորոշումը: Դրանց թվում է եւ մեր երկիրը: Իհարկե, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ երկու ժողովուրդների միջեւ թշնամության վերացումը պետք է աջակցություն ստանա միջազգային հանրության կողմից: Սակայն, միեւնույն ժամանակ, չպետք է մոռացության մատնվեն պատմական դեպքերն ու փաստերը, որ շարունակում են տանջել մարդկության խիղճը»,- գրում է Clarin-ը:

Հեղինակավոր պարբերականն ավարտում է իր դատողությունները այս խոսքերով, թե «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը սպասել պետք է, սակայն ստորագրված արձանագրություններն անընդունելի կետ են պարունակում. Հայոց ցեղասպանության փաստացիության հետազոտում…»: