Մյանմայում պետական իշխանության ղեկին գտնվող զինվորականները հայտարարել են հանրապետությունում եւս վեց ամսով՝ մինչեւ 2023թ. փետրվար, արտակարգ դրությունը երկարացնելու մասին, գրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին։
Երկրի ղեկավարության կարծիքով՝ Մյանմային ավելի շատ ժամանակ է հարկավոր կայունության վերադառնալու եւ ընտրություններին պատրաստվելու համար։
«Անհրաժեշտ են միջոցներ համապատասխան կազմակերպությունների համար, ներառյալ ընտրական հանձնաժողովը։ Քաղաքական կուսակցությունները նույնպես պետք է փոփոխություններ կատարեն, որոնք կհամապատասխանեն նոր ընտրական համակարգին, իսկ հանրությունը պետք է լայնորեն տեղեկացված լինի այդ մասին, ուստի մեզ ավելի շատ ժամանակ է հարկավոր պատրաստվելու համար»,- ասել է Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, վարչապետ Մին Աուն Հլայնը MRTV պետական հեռուստաալիքի եթերում։
Մյանմայի դեմոկրատական ղեկավարությունը տապալվել է 2021թ. փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջման հետեւանքով, այդ ժամանակ էլ երկրում մտցվել է արտակարգ դրության ռեժիմ։ Հեղաշրջման պատրվակ են հանդիսացել ենթադրվող մասշտաբային կեղծումները 2020թ. նոյեմբերի ընտրություններում, որոնց մասին հայտարարել են իրենք՝ զինվորականները։ Հեղաշրջման դեմ ցույցերը դաժանաբար ճնշվել են եւ հանգեցրել զոհերի խաղաղ բնակչության շրջանում։





























